3-րդ մաս
Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:
— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:
— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:
— Ծամոն,- ասաց նա:
Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին
Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:
Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:
— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:
Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:
— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:
Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:
— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:
— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:
Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:
Նա ասաց.
— Չորս կողմն՝ ավազ, մեջը՝ ակ: Էդ ի՞նչ եղավ:
— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:
— Ավազակ,- ասաց տղան:
Տնտեսուհին հիացած էր:
— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:
— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:
— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:
— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:
— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:
— Օ՜,- ասաց հայրը:
Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:
— Հում փղի միս,- բարձրաձայն ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:
Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով՝ ի՞նչ է դպրոցը ու ինչպիսի՞ն պետք է լինի այն:
Իմ կարծիքով դպրոցում պետք է սովորեցնեն շատ հատաքրքիր բաներ,
և դպրոցը պետք է լինի մաքուր և կոկիկ:
Դպրոցը այն տեղն է, որտեղ պետք է հետաքրքիր բաներ սովորեն:
Եվ հետաքրքիր խաղեր խաղան: